ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Պե՞տք են Փաշինյանին դաշնակները, իսկ դաշնակներին` Փաշինյա՞նը

Պե՞տք են Փաշինյանին դաշնակները, իսկ դաշնակներին` Փաշինյա՞նը
16.01.2019 | 14:15

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու հրամանագիրը: Նոր կառավարությունը պետք է կազմավորվի 15 օրում: Հայաստանում ավարտվում է համարյա 9 ամիս տևած յուրօրինակ շրջանը, որ սկսվեց 2018-ի մայիսին: Գագաթնակետը դարձան դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը հավաքեց 70,43%, երկրորդը Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն էր, երրորդը` ԼՀԿ-ն: Նախկինում իշխող ՀՀԿ-ն խորհրդարան չանցավ: Հաղթող կուսակցությունները նորաստեղծ են, նրանց կայունությունը որոշվել ու որոշվում է ներքին ու արտաքին պայմաններով: Հետաքրքիրն այլ է:

Վերջին 20 տարում առաջին անգամ խորհրդարանից դուրս մնաց պատմական հայկական կուսակցությունը` ՀՅԴ-ն, որ քաղաքական առումով կարելի է համարել նրա պարտությունը: Որոշ փորձագետներ դա համարում են «ՀՅԴ-ի էլեկտորալ չստացված անակնկալ»: Կուսակցությունը այսպես է բացատրում իր պարտությունը. «Ընտրողը ձայնը տվեց անձին, ոչ թե գաղափարին ու ծրագրին: Ընտրություններին մասնակցածների ծանրակշիռ մասը կենտրոնացած էր «ներքին թշնամու» կերպարի վրա և ապշեցուցիչ հանգիստ է ներքին ու արտաքին մարտահրավերների համապատկերում: ՀՅԴ-ի տեսակետները այսօր ընկալում է փոքրամասնությունը: Արցախի գործոնին քաղաքական օրակարգում անհրաժեշտ ուշադրություն չի դարձվում: Ձևավորվում է Ազգային ժողով առանց հստակ գաղափարախոսական ու ազգային կերպի»: Դա վկայում է, որ ՀՅԴ-ն արտախորհրդարանական ընդդիմադիր գործունեության է պատրաստվում: Թեպետ նրանք, շատ փորձագետների գնահատականով, դեռ այսպես կոչված «թավշե հեղափոխության» սկզբից ընտրել էին Փաշինյանի ուժերի հետ փոխզիջման մարտավարությունը` տարածություն պահելով ՀՀԿ-ից, որի հետ համագործակցում էին, արագ հաշտվեցին ՀՀԿ-ի «հակահեղափոխականության» դրույթի հետ, բայց հնարավոր հակախաղի պլատֆորմ չստեղծեցին: Ճիշտ է` այդ տարրերը ի հայտ եկան 2018-ի հոկտեմբերի սկզբին, երբ ՀՅԴ-ն հետ կանչեց իր նախարարներին կառավարությունից ու մարզպետներին, նաև արգելակեց խորհրդարանը լուծարելու ու նոր ընտրությունների Փաշինյանի նախաձեռնությունը: Ասում են` ՀՅԴ-ում համոզված էին, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններում կկարողանան կազմավորել իրենց խմբակցությունը և խորհրդարանական կառավարման համակարգում ներգործել իրադարձությունների ընթացքի վրա: Սրա շուրջ մի քանի վարկածներ կան, որ փաստերով ամրագրված չեն:


Վարկածներից մեկի համաձայն` Հայաստանի նախագահներից մեկը իբր փորձում էր ՀՅԴ-ին «ստվերային» աջակցություն ցույց տալ` փորձելով նրա օգնությամբ հենարան ստեղծել խորհրդարանում: Չստացվեց: Թեպետ իմ կարծիքով` Փաշինյանը կարող էր ցանկանալ, որ նոր խորհրդարանում ՀՅԴ-ն լինի`ունենալով ավանդաբար ուժեղ ազդեցություն հայկական արևմտյան սփյուռքում: ՀՅԴ-ն կառույցներ ունի 30 երկրներում ու 5 մայրցամաքներում, որ եզակի է քաղաքական կազմակերպության համար: Դա միակ հայկական կուսակցությունն է, որ ներկայացված է Հայաստանում, Արցախում ու ձգտում է իր ներկայությունն ապահովել հետխորհրդային տարածքի հայկական գաղթօջախներում: «Կհամագործակցի՞ ապագայում ՀՅԴ-ի հետ» հարցին Փաշինյանը պատասխանել է. «ՀՅԴ-ն բազմաշերտ կուսակցություն է, շերտերից մեկի վարքագծով չի կարելի դատել մյուս շերտերի մասին»: Որոշ նշաններով`վարչապետը լրջորեն մտահոգված է այդ խնդրով և ձգտում է ՀՅԴ-ի հայաստանյան ընդդիմադիր դարձած կառույցը տարանջատել սփյուռքի ՀՅԴ-ից: Այդ հարցով նա արդեն բանակցել է Լիբանան այցի ժամանակ` Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջինի ձեռնադրման 50-ամյակի կապակցությամբ: Ի պատասխան` կաթողիկոսը, չթաքցնելով համակրանքը ՀՅԴ-ի նկատմամբ, Հայաստանի հայերին «փոխըմբռնման ու միասնության» կոչ է արել: Փաշինյանն ասել է, որ այդ հարցը քննարկել է և Ֆրանսիայի դաշնակների հետ: Բայց առայժմ տարեմուտի տոներից հետո արտասահմանի ձեռներեցների հետ հանդիպման ժամանակ նա բողոքել է, որ չնայած Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններին, «ակտիվությունը տնտեսական կյանքում աննշան է, մինչդեռ մեծ սպասումներ կային»: Ուստի դժվար է կանխատեսել` ինչպե՞ս կդասավորվեն Փաշինյանի հարաբերությունները ՀՅԴ-ի հետ հետագայում: Առավելևս, որ վարչապետի շրջապատում որոշ մարդիկ պնդում են, որ պետք է հասնել ՀՅԴ-ի հայաստանյան կառույցի ղեկավարության փոփոխության:


Եթե դատենք մամուլում հայտնվող տեղեկություններից, կուսակցությունում էլ ամեն ինչ միանշանակ չէ: Ոմանք կոչ են անում ընդդիմադիր պայքարի պատրաստվել` պահպանելու համար ընտրախավը և լավ-վատ դրական իմիջը, առավել ակտիվ ներգրավել Արևմուտքում գործող կուսակցական կառույցների հեղիակությունը այդ նպատակով: Նրանք նաև գտնում են, որ ՀՅԴ-ի համար հասել է անցյալի վերաիմաստավորման և Հայաստանի այլ քաղաքական ուժերի հետ համագործակցության պահը: Հունվարի 15-ից ՀՅԴ-ի համընդհանուր հավաքն էր: ՌԴ-ում ՀՅԴ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի խոսքով` «Օրակարգը չի ներառում Հայաստանի ներքաղաքական կյանքի ընթացիկ իրադարձությունների քննարկումը», այլ` «քննարկվելու են երկրի ռազմավարական զարգացման հարցերը առաջիկա 4 տարում»: Պարզ է` ինչու: Փաշինյանը պետք է ներկայացնի իր կառավարության ծրագիրը: Այդ ժամանակ պարզ կդառնա` ի՞նչ բարեփոխումներ է նա անելու տնտեսության, ներքին քաղաքականության մեջ, սոցիալական ոլորտում: Կորոշարկվի Հայաստանի արտաքին քաղաքականությունը: Այս իրավիճակում դաշնակցականները կարող են հույս ունենալ, որ շուտով վարչապետը իր գաղափարները գործնականում իրականացնելու մակարդակում խնդիրներ կունենա: Շատ հարցեր են որոշվում Ռուսաստանի ու Արևմուտքի հետ հարաբերությունների ձևաչափում, Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման հեռանկարներով, արտասահմանյան ներդրումների ներգրավման հաջողություններով կամ անհաջողություններով: Այս իրավիճակում դաշնակցականները մտադիր չեն Փաշինյանին մենակ թողնել, բայց առանձնապես չեն էլ մոտենա նրան` քաղաքական պատասխանատվություն չկրելու համար, եթե նրա կառավարությունն ամեն ինչ ձախողի: Այդ ժամանակ կհայտնվի ջրբաժան, որից նրանք կարող են օգտվել: Իսկ հիմա նրան կարող են հանդես գալ Փաշինյանի կառավարության ոչ բացահայտ «ռևիզորների» դերում, որպեսզի պահպանեն քաղաքական պահանջարկվածությունը երկրում և անհրաժեշտ պահին շարունակեն «հեղափոխությունը»: Բայց դա արդեն չի լինի «սիրո հեղափոխություն»:
Ստանիսլավ Տարասով, REGNUM


Հ.Գ. Փաստացի` ընտրություններից հետո ՀՅԴ-ականներն իրենք էին ընդունում, որ իշխանության հետ կոալիցիաներ կազմելը եղել է իրենց հիմնական սխալը:
Տարածաշրջանային համագործակցության` իրականում ԵԱՏՄ-ի հետ, նոր հանձնաժողովի ստեղծումը ԱԺ-ում և այդ հանձնաժողովը ԲՀԿ-ին տալը` նախնական քննարկումների արդյունքում, վկայում է, որ Մոսկվան շարունակում է վերահսկել հայաստանյան «ընդդիմությանը»` ԲՀԿ-ին ու ԼՀԿ-ին` ԱԺ-ում, իսկ ՀՅԴ-ին փորձում է դարձնել փողոցային ընդդիմություն, որ անհրաժեշտ պահին կանի ոչ թե թավշե, այլ` անհրաժեշտ հեղափոխություն: Կշարունակի՞ ՀՅԴ-ի հայաստանյան կառույցը իր կախվածությունը Ռուսաստանից, թե՞ կորոշի ինքնուրույնանալ` ԱԺ-ից դուրս հայտնվելով` հարց է: Համենայն դեպս հունվարի 15- 24-ը Արցախում ՀՅԴ-ն 33-րդ Ընդհանուր ժողովն է անցկացնում` 30 երկրներից 100 ներկայացուցիչներ ու հրավիրյալներ ունենալով: Այն էլ` Արցախի Ազգային ժողովի նիստերի դահլիճում, որ բնավ հասկանալի չէ: Եթե ամբողջ Ստեփանակերտում այդքան մարդ տեղավորող դահլիճ չկար, կարող էին Հայաստանն ընտրել` մի դահլիճ կգտնվեր: Ընդհանուր ժողովը կքննարկի ՀՅԴ վերջին 4 տարիների գործունեությունը, կորոշի կուսակցության առաջիկա տարիների ռազմավարությունն ու անելիքները և կընտրի բարձրագույն գործադիր մարմնի` ՀՅԴ Բյուրոյի նոր կազմ: ՀՀ օրենսդրությունն արգելում է կուսակցական դռնփակ համագումարները, բայց ՀՅԴ Ընդհանուր ժողովի միայն սկիզն է դռնբաց, հավանաբար` հիմնավորումը այն է, որ ՀՅԴ-ն միայն հայաստանյան կառույց չէ։ Ինչու՞ է ՀՅԴ-ն ընտրել Արցախը` ցույց տալու, որ արտախորհրդարանական դառնալով` քաղաքական անցուդարձից հեռանու՞մ է: Թե՞ հիշեցենլու, որ ԼՂՀ-ում իշխանության ղեկին այն ուժերն են, որ հոգեհարազատ են իրեն: Նույնիսկ Հայաստանում արգելված տարիներին` ՀՅԴ-ն Արցախում ազատ գործում էր: 33-րդ Ընդհանուր ժողովը, թեև օրակարգում 4 տարվա գործունեության քննարկում է դրել, չի կարող չանդրադառնալ Աժ-ից դուրս մնալուն, ուրեմն` նվազագույնը 1998-ից վերսկսված գործունեությանը: Հրանտ Մարգարյանի գլխավորած Բյուրոյի գործունեությամբ ՀՅԴ-ն հետևողականորեն կորցրել է ինքնուրույնությունն ու դարձել ՀՀԿ-ի կցորդ` ստանալով իշխանական լեգալ ու անլեգալ քվոտաներ: Ի՞նչ է գերակշռելու` ՀՅԴ-ի քաղաքական ավանդույթները, համակա՞րգը, թե՞ պրագմատիկ շահը: Կլինի՞ ռեբրենդինգ: Թե՞ կնախընտրեն նեղացածի ու անիրավվածի կեցվածքը: Կխոսե՞ն դաշնակցականները իրենց սխալների մասին, թե՞ ամեն ինչ կբարդեն իրավիճակի, այսինքն` ՀՀԿ-ի ուսերին: Ի՞նչ կորոշեն ապագայի համար: Ընդունեն, թե չընդունեն, Ընդհանուր ժողովն Արցախում անեն, թե Լուսնի վրա, կա Հայաստանի Հանրապետությունը և նոր իրողությունների նկատմամբ դիրքորոշման հարցը պետք է վերջնականապես պատասխանվի: Հայաստանի քաղաքական դաշտի վերակազմավորման փուլում ՀՅԴ-ն պետք է որոշի իր տեղը, գործունեության ձևն ու մեթոդները: Կընտրվի ընդդիմադիրի՞ դերը, թե՞ ՀՅԴ-ն կփորձի համագործակցել իշխանության հետ` վերականգնելու կորցրած լծակները: Սա հարց է, որի պատասխանը ոչ միայն ՀՅԴ-ից է կախված, այլև ՔՊ-ից: Ինչու՞ ԲՀԿ-ն կարողացավ վերականգնել դիրքերը, ՀՅԴ-ն` ոչ, թեպետ երկուսն էլ եղել են ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկերը ու հեղափոխության վերջին օրը միացել են Նիկոլ Փաշինյանին: Այդ հարցը ևս պիտի Ստեփանակերտում քննարկվի: Եվ եթե Ընդհանուր ժողովն Արցախում են գումարում, պիտի ձևավորեն Արցախի հարցի լուծման իրենց տեսակետը, գուցե նաև վերհիշեն ազատագրված տարածքների վերաբնակեցման իրենց նախկին ցանկությունները:
Հավատանք, որ հունվարի 25-ին այս ու այլ հարցերի պատասխանները կլինեն ու ՀՅԴ-ի 33-րդը կկարողանա հաղթահարել ներքին ճգնաժամը և կուսակցությունը վերադարձնել Հայաստանի քաղաքական ասպարեզ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4110

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ